Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Archive for the ‘Արձակ բանաստեղծություններ’ Category

Մարտիրոս Սարյան, «Սևան. Զաղալու գյուղը (1923)

Մոտերքում առու է գլգլում:
Ջուրը բարակ կլինի, քարերը` խոռոչավոր:
Մի քարի՝ սարյակը ջուր խմելիս կլինի…

Ինքը թիկնած էր արահետի ծառին,
քիչ հոգնության մեջ՝
խաղա՜ղ նայում էր ձեռքին պտտվող փոքրիկ մրջյունին,
և ականջի տակ իրարից զգուշորեն քանդվում էին
անխառն ձայները գարնան…

Read Full Post »

* * *

Երկինքը կախվել է պատշգամբից.

սանդուղքին քարացել է ծաղիկը.

ծանր լռություն…

.

* * *

Անձրևի տակ վաշվշում է ծառը.

կանաչը սիրտ է կեղեքում…

..

* * *

Մեղմ քամու տակ սոսափում է ցորյանը.

հողը զով է բուրում…

.

* * *

Արևադարձի այգիներով ոտաբոբիկ անցել է Էսթերը,

դեղձան փեշերը թեթև սահել են ծաղիկների վրայով…

Հեռավո՜ր աշխարհ…

.

* * *

Արևը` կապույտի մեջ,

մեղուն` սպիտակ ծաղկին,

սպիտա՜կ-սպիտակ,

սպիտա՜կ-սպիտակ…

Ծաղկին…

.

* * *

Կարմիր ժայռերին կանգո´ւն ու կանգուն է արևոտ, միամիտ լռությունը…

Ահա մի ծաղկիկ` քարոտ ճամփեզրին…

Ուխտի ճանապարհ…

.

* * *

Արևի մի փեշը` թաց քարին,

մյուս փեշով առվի հետ է խաղում…

.

* * *

Գիշեր է իջել Տաճարի շուրջը, իջել է…

Լռության կրծքին ծղրիդ կա…

Read Full Post »

Այնքան նիհարիկ դեղին ծաղկին այնքան առատ արև էր վստահվել, որ մի մեծ կապույտ թիթեռ արդեն երկար ժամանակ չէր հեռանում նրա թերթերից…

Ով էլ նայեր այս նկարին, տեսնելու էր լույսը, որ սփռվում է դաշտերից դաշտեր ու դարերից դար և չի թառամում ոչ մի աշնան մեջ, ոչ մի քաղաքում…

Նիհարիկ դեղին ծաղիկն իր փոքրիկ գլուխն ահա այդքան հոժար էր խոնարհել թիթեռի համար…

28 ապրիլի, 2011 թ.

Read Full Post »

Ամռանը տանը կլինեմ:

Մայրս սուրճ կպատրաստի:

Երկուսով կնստենք պատշգամբում:

Արևը կզրնգա:

Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ…

Խաղա՜ղ-խաղաղ կլինի…

— Ի՞նչ կա քաղաքում, — մորս ձայնը կշոյի լռությունը:

Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա…

Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք…

— Առաջվա պես, մամ…

Ամռանը տանը կլինեմ:

26 մարտի, 2011 թ.

Read Full Post »

Ադամն ու Եվան նայեցի՜ն իրար, նայեցի՜ն, շրջվեցին ու հեռանում էին համր…

— Սպասե‏՛ք, — նորից կանչեց Նա:

Երկու արտասովոր տերև ձեռքին` մոտեցավ, նայե՜ց…

Հետո զգեստավորում էր Ադամին… Եվ Ադամը գեղեցիկ էր…

Հետո ծածկում էր Եվայի մերկությունը… Եվ Եվան նման էր լուսաբացին…

Հետո ասաց.

— Պատնեշից քիչ այն կողմ ուրիշ այգի կա. այնտե‏‏՛ղ կհաստատվեք. ավելի հեռու չգնա՛ք:

17 հուլիսի, 2010 թ.

Read Full Post »

Երկինքը լուսնալույսով օծեց աղջկա թևերը,

և աղջիկը թո՜ւյլ ժպտաց Նրան…

Դա մի մաքուր հոգնություն էր

խոնարհվող օրվա ուսերին

և մի մե՜ծ գորով Տիեզերքում…

Անահիտ  Ղազարյանին
20 ապրիլի, 2010 թ.

Read Full Post »

Արևի հասուն շողերը մի քիչ այն կողմ հրեցին փոքրիկ ամպը, ճեղքեցին ծառերի սաղարթները, լցվեցին գետը, և ջրերը տարան նրանց հանդարտ ու խելացի կարկաչով… (ավելին …)

Read Full Post »

Older Posts »