Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

Archive for the ‘Էսսեներ’ Category

300b79f6cc4903a4f90e6266b9d97540Եւ ինքը Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը։ Իսկ նրանք ելան ու քարոզեցին Աւետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցութեամբ. եւ իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խօսքը (Մր 16:19-20):
Խոսելով քրիստոնեության` համաշխարհային մշակույթում թողած ազդեցության մասին` մենք անմիջապես ուշադրություն ենք սևեռում աստվածաշնչյան կերպարների կամ սյուժեների արտացոլմանը արվեստի տարբեր գործերում, ինչպես նաև ամբողջությամբ քրիստոնեական թեմաներին նվիրված ստեղծագործություններին: Մինչդեռ «ազդեցություն» բառը ենթադրում է ոչ թե սոսկ անդրադարձ Աստվածաշնչին կամ եկեղեցական ավանդությանը, այլ ավելի խորը, բովանդակային ներթափանցում, որով ուղղակի փոփոխության են ենթարկվել բարոյագիտությունն ու գեղարվեստական մտածողությունը: Այսպիսի ազդեցությունը տեղի է ունենում աննկատ, չափազանց տևական ժամանակի ընթացքում, և այն խորությամբ ուսումնասիրելն արդեն մի ամբողջ գիտություն է պահանջում: (ավելին …)
Advertisements

Read Full Post »

NVqZHIFtIq9JCxKv7WIqwpAWYF

Էդուարդ Իսաբեկյան, «Ակսել Բակունց», 1960

Ճառերի, ելույթների, բանավեճերի առատության մեր ժամանակներում զարմանալիորեն ավելի սուր ես զգում Խոսքի բացակայությունը: Բառերի տեղատարափը երբեմն ասես խելագարության է հասցնում, և լեզվանիության՝ երկիրը բռնած այս հաղթարշավի մեջ սիրտդ կեղեքում է քաղցը կիասաձայն մի զրույցի, հանդարտ մի երկխոսության, որտեղ գուցե թե բառերն էլ այնքան տեղ չունեն, որքան փոխըմբռնումի խաղաղ լռությունը:

Նման պահերի ես դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ Բակունցին: Արտասովոր այդ գրականությունը բացառիկ երևույթ է մեր արձակում. Այդքա՜ն սակավ երկխոսություններով այդքա՜ն առատ խոսք մարդու, աշխարհի, գեղեցիկի մասին: Որքա՜ն կշահեր ժամանակակից հասարակությունը, եթե խորությամբ ճանաչեր խոսքի և գեղագիտության այն աշխարհը, որ Բակունցն է մեր առջև բացել: Ո՛չ մի բոցաշունչ մենախոսություն, ո՛չ մի պաճուճապատ միտք… Մեկ-երկու պարզ երկխոսություն, հերոսին վերաբերող մի զուսպ մակդիր, և ահա քո առջև բացվում է սիրո և տառապանքի, երջանկության ու ցավի, հոգեկան խորը զգացումների մի անսահման աշխարհ, որտեղ արևի պես շողարձակում են մարդն ու մարդկայինը:
Ակսել Բակունցի արձակը մի վիթխարի գանձարան է, մի ամբողջ մտածողություն: Նրա փոքրիկ պատմվածքներից ընդամենն օրական մեկը ընթերցելով՝ յուրաքանչյուր ոք կարճ ժամանակում կբացահայտեր խոսքի և խոսելու բարձր մշակույթը, կզգար լռելու հմայքը, կսովորեր տեսնել պարզ մարդու մեծ հոգին, կհղկեր իր ճաշակը, գեղեցիկի իր ընկալումը, օրվա հասարակ ակնթարթների մեջ կկարողանար կյանքի հրաշքը նկատել:

Read Full Post »

booksԳրականությունը երազանք է, ափսոսանք, նաև ճիչ:
Որտե՞ղ ես դու ծնվել, ո՞ւմ զավակն ես, ինչպե՞ս ես մեծացել, ի՞նչ ես ունեցել. ի՞նչ ես կորցրել, ինչի՞ն ես հավատացել…

Տարիներդ հանդարտ-անընդհատ քո դեմքն են կերտում, քո սիրտը, քո ձեռքը, և դու գրում ես պատմության միլիարդերորդ երազանքը, որ քեզանից առաջ ոչ ոք չի գրել ու քեզանից հետո հաջորդ միլիարդներից և ոչ մեկում չի կրկնվի:
Կարոտի հին վեպն ամեն անգամ նորից է սկսվում, և ամեն նոր սկիզբ այլ պատմություն է` ո´չ նախորդի վերածնունդը, ո´չ էլ հաջորդի ավետաբերը:
Դու նո´ր զինվոր ես, քեզ աշխարհն առանձի´ն է խոցել, քո ճիչն ուրիշ է:

Ընթերցողն էլ է առանձին փնտրում. նա էլ գրող է գրողի ներսում:
Դարեր ու դարեր մենք իրար մեջ իրար ենք փնտրում:
Սա է գրականությունը:

07 հունիսի, 2010 թ.

Read Full Post »