Feeds:
Գրառումներ
Մեկնաբանություններ

foto_img_184_594_2Գիշերվա խաղաղ առանձնության մեջ
դարձյալ հակվել եմ գրասեղանիս,
և նոթատետրիս լայն դեղին թերթերը
ամռան տիվանդորրն են հիշեցնում…

Կոպերիս քաղցր ծանրություն է իջնում,
ու ծորուն մի կարոտ հուշում է,
թե մի օր բանաստեղծ եմ եղել…

18 դեկտեմբերի, 2015 թ.

Advertisements

Վառարանի քով լուռ նստած են պապս ու թոռը իր ջահել:
Արտակը ձեռքերն է տաքացնում, և գիտեմ, որ մեջքով հաշտ զգում է թիկունքը ջերմացող պապու:
Ես պառկած եմ կարպետին, և տատս, թիկնած անկյունի թախտին, տաք վայելում է լռությունը իր այս երեքի…

26 նոյեմբերի, 2015 թ.

Այցելուներս հեռացան:
Լուռ կեսգիշեր է:

Հիվանդասենյակում ես ու մայրս ենք:
— Ջուր տա՞մ, — անդորրի միջից այնպես, կիսաձայն հարցնում է մայրս:
— Չէ, մամ, քնում եմ…

Լուռ կեսգիշեր է:

27 հուլիսի, 2015 թ․

Գիշերվա մեջ հատիկ-հատիկ
կաթկթում են արտասուքի կաթիլներն անմեղ…

Ես ահա զարմանքով տեսնում եմ,
որ ինձնից ոչ ոք ոչինչ չի խլել,
և հիմա սիրտս վերքերիս վրա
ծաղկած խաչեր է արտասվում…

5 հուլիսի, 2015 թ.

Nature_Mountains_High_mountain_032894_Ինձ համար մի նոր լռություն պատրաստիր, Տե՛ր…

Փշաքաղեցնող այն թացության պես,
որ սարի լանջին հանկարծ պատում է սպիտակ շապիկդ
և ասում է` զգա՛…

14 հունիսի, 2015 թ.

NVqZHIFtIq9JCxKv7WIqwpAWYF

Էդուարդ Իսաբեկյան, «Ակսել Բակունց», 1960

Ճառերի, ելույթների, բանավեճերի առատության մեր ժամանակներում զարմանալիորեն ավելի սուր ես զգում Խոսքի բացակայությունը: Բառերի տեղատարափը երբեմն ասես խելագարության է հասցնում, և լեզվանիության՝ երկիրը բռնած այս հաղթարշավի մեջ սիրտդ կեղեքում է քաղցը կիասաձայն մի զրույցի, հանդարտ մի երկխոսության, որտեղ գուցե թե բառերն էլ այնքան տեղ չունեն, որքան փոխըմբռնումի խաղաղ լռությունը:

Նման պահերի ես դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ Բակունցին: Արտասովոր այդ գրականությունը բացառիկ երևույթ է մեր արձակում. Այդքա՜ն սակավ երկխոսություններով այդքա՜ն առատ խոսք մարդու, աշխարհի, գեղեցիկի մասին: Որքա՜ն կշահեր ժամանակակից հասարակությունը, եթե խորությամբ ճանաչեր խոսքի և գեղագիտության այն աշխարհը, որ Բակունցն է մեր առջև բացել: Ո՛չ մի բոցաշունչ մենախոսություն, ո՛չ մի պաճուճապատ միտք… Մեկ-երկու պարզ երկխոսություն, հերոսին վերաբերող մի զուսպ մակդիր, և ահա քո առջև բացվում է սիրո և տառապանքի, երջանկության ու ցավի, հոգեկան խորը զգացումների մի անսահման աշխարհ, որտեղ արևի պես շողարձակում են մարդն ու մարդկայինը:
Ակսել Բակունցի արձակը մի վիթխարի գանձարան է, մի ամբողջ մտածողություն: Նրա փոքրիկ պատմվածքներից ընդամենն օրական մեկը ընթերցելով՝ յուրաքանչյուր ոք կարճ ժամանակում կբացահայտեր խոսքի և խոսելու բարձր մշակույթը, կզգար լռելու հմայքը, կսովորեր տեսնել պարզ մարդու մեծ հոգին, կհղկեր իր ճաշակը, գեղեցիկի իր ընկալումը, օրվա հասարակ ակնթարթների մեջ կկարողանար կյանքի հրաշքը նկատել:

Ձեռքը պարզել է կախ եկած ճյուղին,
կանաչ ծառի տակ այդպես բնական դիտում է պապս,
և ամռան կանգնած լռության միջից`
ասես այդ ծառն է ծիրան քաղելու մեկնված ձեռքից…

27 մայիսի, 2015 թ.